Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տերունական աղոթքն էլ է բանաստեղծություն»

«Տերունական աղոթքն էլ է բանաստեղծություն»
19.12.2016 | 16:04

«Զանգակ» գրատանը օրերս տեղի ունեցավ ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «Փարոսները հայտնի և անհայտ» բանաստեղծական գրքի շնորհանդեսը: Երիտասարդ բանաստեղծի անդրանիկ ժողովածուն բաղկացած է հինգ շարքից: Ինչպես ասվում է գրքի անոտացիայում` նոր հայացքով են բացապարզվում ժամանակակից կյանքը`բարդ և հետաքրքիր, ինչպես նաև մանկության հուշը, հայրենիքի ու բնության հզոր կապը: Բենիկ Ստեփանյանին ուղված մեր հարցերը քաղված են իր իսկ բանաստեղծություններից:

-«Փարոսները հայտնի և անհայտ»: Ինչո՞ւ ընտրեցիք այս վերնագիրը:
-Հետաքրքիր բան տեղի ունեցավ, ինձ համար շատ անսպասելի: Երբ այն դարձավ այս տարվա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցած Պոեզիայի միջազգային օրվան նվիրված երեկոյի խորագիրը, այդ նույն տողերով սկսվող բանաստեղծությունս մի տեսակ ավելի արժևորվեց` ինձ համար հեշտացնելով ժողովածուի վերնագիր ընտրելու դժվարին գործը:

- Գրականագետ Անի Փաշայանը գրքի առաջաբանում նկատում է, որ «Փարոսները հայտնի և անհայտ» ինքնատիպ ժողովածուի բանաստեղծական ողնաշարը սերն է: Գրում եք.

«Սերը պարտադիր նախապայման է
աշխարհներիդ
Ծակուծուկերում անգամ»...
Իսկ մե՞ր աշխարհի համար, մե՞ր օրերում:

-Ժողովածուիս բանաստեղծությունների մեծ մասը սիրո մասին է: Սերը փրկօղակ է հենց մե՛ր աշխարհի համար և մանավանդ մե՛ր օրերում:

-Անի Փաշայանը համոզված է նաև, որ որպես ժամանակակից պոետ կհետաքրքրեք նաև օտար ընթերցողին: Թարգմանվե՞լ են Ձեր գործերը, դրսի ընթերցողին ներկայանալու առումով ի՞նչ քայլեր են արվել (արվելու): Չե՞ք կարծում` որ մեր գրողները նույնիսկ մեր երկրի սահմաններում ինչպես հարկն է չեն ներկայացվում:

-Բանաստեղծություններս արդեն թարգմանվել են այլ լեզուներով և հաջորդ տարի կներկայացվեն: Թող անակնկալ մնան մանրամասները: Իսկապես, շատ ցավալի է: Մենք այսօր չենք գնահատում մեր ժամանակակից գրականությունը, մեր գրողներին, և հաճախ նրանք դրսում ավելի են գնահատվում... Մեծ բացեր կան այս առումով:
-Ասում եք` «Կյանքից խլած մե՛ր ժամանակը….», ու ժամանակը բոլորովին ուրիշ երանգ է ստանում: Տարբե՞ր է ժամանակի զգացողությունը բանաստեղծական աշխարհում և այդ աշխարհից դուրս:

-Իհարկե, տարբեր է: Ժամանակը գրականության արթնությունն է, ամենամեծ կապը իրականության հետ: Կյանքը մենք ապրում ենք դանդաղ հոսքով: Իսկ բանաստեղծական աշխարհում ժամանակն է՛լ ավելի է փոքրանում, պիտի հասցնես ասել` հեռացնելով հե՛նց ժամանակից, որ ընթերցողը գերագույն հաճույք ստանա` կարդալով տողդ, բառդ, զգացածդ:
ՈՒրեմն, բանաստեղծական աշխարհում աշխարհից վերցրած ժամանակը պիտի ճիշտ օգտագործել:

-«Բանաստեղծությունները, որ տանում եք ձեր սենյակ առավոտյան ընթերցելու համար» ինչպե՞ս են ծնվում:

-Նյութը, թեման խմորվում են մեջս, թանձրանում, չեմ շտապում թղթին հանձնել, իսկ երբ հանձնում եմ, ինքս էլ հաճախ չեմ հասկանում` ինչպես կատարվեց...
Առավոտներս սկսում եմ ընթերցանությամբ, բայց ոչ իմ բանաստեղծությունների, այլ իմ սիրելի բանաստեղծների:
-Աստծուն ուղղված շնորհակալությամբ է ավարտվում ժողովածուն` արև- առաստաղ- Աստված` հետաքրքիր կոլաժով: Բանաստեղծությունը աղո՞թք է:

-Պոեզիան, անշուշտ, սեր է և աղոթք: Տերունական աղոթքն էլ է բանաստեղծություն: Շատ եմ սիրում շնորհակալություն հայտնել: Իսկ բանաստեղծություն գրելն ամենամեծ աղոթք-խոստովանությունն է:

-Ձեր բանաստեղծությունները լույս են տեսել մամուլում, գրական տարեգրքերում: Մեր օրերում մամուլն ու համացանցը հարթո՞ւմ են գրողի ճանապարհը` ընթերցող-գրող կապ ստեղծելու առումով:

-Չնայած տարիներ շարունակ ժողովածու ունենալը երազանք է եղել ինձ համար, բայց առաջնային եմ համարում գրական մամուլում հանդես գալը: Ինձ համար վճռորոշ եղավ 2014-ին գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի գնահատականը, որը ներկայացրեց «Գրական թերթում»: Եվ նորեն շնորհակալություն եմ ուզում հայտնել այն թերթերին, ամսագրերին, տարեգրքերին, կայքերին, «Երկիր մեդիա» հեռուստաալիքին, որ ինձ ներկայացրել են: Ընթերցող-գրող գրական կապ ստեղծելու առումով, այո, հարթում են, անշուշտ: Այսօր առանց համացանցի հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյան:

-Պոեզիան այսօր ունի՞ ընթերցող:

-Ամեն մարդ իր հոգու երգը ունի, բոլորն էլ օազիս են փնտրում: Ինձ համար այն պոեզիան է, գուցե շատերի համար... Դժվար է գտնել այդ թիվը, մարդկանց քանակը: Բայց հասկացել եմ, որ պոեզիա պետք է բոլորին, որովհետև այն բառերի կամ մտքերի խումբ չէ միայն, այլ տիեզերքի հետ անմիջական կապ, մեր ենթագիտակցականի խոր դրսևորում:

-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Նայած թե ով է քննադատս... Իհարկե, լավ քննադատությունը օգնում է, շահեկան է եղել գրողի համար միշտ էլ:
-Ի՞նչ խնդիր, մտահոգություն ունի գրողը մեր օրերում:

-Գրողը պիտի ապրի գրականությամբ, բոլոր առումներով: Պիտի մտածի գրելու մասին միայն: Մեր գրողները, հիմնականում, իրենց ժամանակի մեծ մասը չեն հատկացրել ստեղծագործելուն, քիչ են թարգմանվել ու քիչ են ճամփորդել: Իսկ ինչո՞ւ, պատճառները պարզ են: Թումանյանի մտահոգություններն այս խնդրի շուրջ, ցավոք, արդիական են դեռ:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ